«Հրապարակ»-ը գրում է, որ մինչ վարչապետն իր համապատասխան ենթականերով զբաղված է պանրի մեջ ցուպիկներ հայտնաբերելով և այդ մասին հանրությանը ահազանգելով, սիբիրախտի համաճարակը տարածվում է մարզերով: Մինչդեռ պետք է վարակի դեմ խստագույն պայքար գնար, և մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեին:
«Երեկ տեղեկացանք, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ևս կովի անկում է եղել: Նմուշառումն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, պատճառը դեռ հայտնի չէ, սակայն սիբիրախտի կասկածներ կան: Նշենք, որ սիբիրախտ է հայտնաբերվել Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզերում, և այս վերջինը՝ Կոտայքում:
Սննդի անվտանգության ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը հաստատել է Զովունիում կովի անկման դեպքը, բայց լաբորատոր փորձաքննության արդյունքը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցվել էր քրգործ Քրեական օրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը:
Թեև հայտնի է, որ վարակի աղբյուրն անասուններին չպատվաստելն է, սակայն ոչ ոք դեռ չի ձերբակալվել: Նախաքննական մարմինը սպասում է քննիչի կողմից նշանակված համալիր փորձաքննության եզրակացությանը, ինչի վրա էլ հիմնվելով՝ կփոխվի նախաքննության ընթացքը»:





