AM
13 Նոյեմբեր 2012 - 05:39 AMT

«ՀԺ». Վարդանանց փողոցում հնչած կրակոցները նախկին ԲՀԿ-ական նախարարի տան ուղղությամբ են եղել

Թերթը նոր մանրամասներ է պարզել նոյեմբերի Վարդանանց 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։

Պարզվել է, որ այդ բնակարանը պատկանում է սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանին, ով այժմ աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչն է։ Կրակոցներից վնասվել են միայն վերջինիս տան ապակիները։ Կրակոցները լսելուց հետո բնակիչներն ահազանգել են ոստիկանություն։ Քիչ անց դեպքի վայրում հայտնված իրավապահները բակում ոչ մեկին չեն գտել։ Սակայն այդ պահին շենքի բնակարաններից մեկում խնջույք է եղել, ինչի հետքերով էլ գնացել են։ Բնակարան մուտք գործելուց հետո իրավապահները դատարկաձեռն դուրս չեն եկել։ Տվյալ բնակարանից մի խումբ երիտասարդների՝ 9-10 անձի, որպես կասկածյալների, բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Սակայն ոստիկանները ոչ թե երիտասարդների մոտ զենք-զինամթերք հայտնաբերելուց հետո են բերման ենթարկել, այլ ենթադրել են, որ գիշերվա կեսին աշխուժություն նկատվող բնակարանում կարող էր նման միջադեպ լինել։

«Մինչդեռ, մեր տեղեկություններով, երիտասարդները պատրաստվել են գիշերն ԱՄՆ մեկնող իրենց ընկերոջը ճանապարհել օդանավակայան։ Իսկական դեբոշը սկսվել է բաժնում՝ կասկածյալների ու օպերների միջև։ Մենք տեղեկություններ ստացանք, որ օպերները ծեծի են ենթարկել երիտասարդներին, որ վերջիններս խոստովանեն կրակոցներին մասնակցություն ունենալու մասին։ Ոստիկանությունից էլ հակառակն են պնդում, թե 1982 թ. ծնված Վահե Մ.–ն ընդդիմացել է, հայհոյել ոստիկաններին, խոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը։ Ձեռքով հարվածել է աշխատասենյակի պատուհանին, ապակին կոտրվել է, ձեռքն էլ վնասվել։ Այնուհետև նրան շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա։ Մյուսներին բաց են թողել։ Այսինքն՝ գործով որևէ մեկը ձերբակալված չէ, հայտնի չեն նաև իրական կրակողները։ Իսկ Վահեի զայրույթի պատճառը եղել է այն, որ նա բաժին տարվելուց հետո թռիչքից ուշացել Է, ինչպես նաև կորցրել ԱՄՆ ինքնաթիռի տոմսը։

Թե իրականում ինչու են կրակոցներն ուղղված շենքին, ու ինչու են վնասվել հենց նախկին ԲՀԿ-ական նախարարի բնակարանի ապակիները, արդյո՞ք սա Արմեն Գրիգորյանին ուղղված սպառնալիք է եղել, փորձեցինք պարզել նրանից։ Սակայն նա վստահեցրեց, որ ոչ մի դիտավորություն էլ չի եղել, անգամ իրենք քնած են եղել և չեն էլ նկատել, որ իրենց ապակիները վնասվել են։ «Իհարկե ոչ։ Ոչ մի դիտավորություն։ Մենք քնած ենք եղել, ոչինչ չենք զգացել։ Բակում միջադեպ է եղել երկու խմբավորումների միջև, օդ են կրակել, ինչ են արել, մենք տեղյակ չենք, հարևաններն են նկատել…»։ Գրիգորյանը վստահեցրեց, որ անգամ բաժին չի հրավիրվել։ Նշենք, որ իրավապահները դեռ չեն կարողացել պարզել, թե այդ ինչ խմբավորումներ են եղել, որոնց միջև վիճաբանությունն ուղեկցվել է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությամբ»,– գրում է թերթը։