«Առավոտ»–ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր մերձեցմանը և Լևոն Զուրաբյանի հայտարարությանը միասնական թեկնածուով հանդես գալու մասին, Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասել է. «Կարծեմ, նոր բան չեմ ասի, եթե հիշեցնեմ, որ քաղաքականությունն առանց ինտրիգի ոչինչ է, իսկ քաղաքական այն ուժերը, որոնք տվյալ պահին չունեն իշխանական լծակներ և խնդիր ունեն փրկել և պահպանել սեփական դիմագիծը, առանց ինտրիգի դատապարտված են մոռացության: Եվ քանի որ նախընտրական շրջան է, չափազանց կարևոր նախագահական ընտրություններից առաջ քաղաքական տարբեր ուժեր ինքզինքը փրկելու և ինքնադրսևորվելու խնդիր ունեն, ուստի տարբեր ձևաչափերով հանդիպումների, քննարկումների, իրենց անվան շուրջը իբր տեղեկատվական դաշտ ստեղծելու փորձեր են անում»:
Պատգամավորը նաև համոզմունք է հայտնել, որ պղտորված ջրերը կպարզվեն հենց պղտորողների ձեռքով և ամեն ինչ իր տրամաբանական վիճակին կհանգի: «Իսկ ինչ-որ միասնական թեկնածուի մասին խոսելը կամ կարծիք հայտնելը անլուրջ եմ համարում, քանի որ ես սովոր եմ խոսել եղած և իրական բաների մասին, իսկ այն, ինչ ֆանտաստիկայի ժանրից է, կներեք՛ իմը չէ:
Ես իրատես եմ, իսկ իրականությունն այն է, որ Հանրապետականի թեկնածուն միակ լուրջ և անհրաժեշտ թեկնածուն է»,- ասել է նա:
Մարգարիտ Եսայանը նաև նշել է. «Ի դեպ, եթե այդ «միասնականը» հնարավոր լինի, բավականին զվարճալի վիճակ կստեղծվի, և արժե տեսնել, թե միմյանց մարտի 1-ի և այլ մեղքերի մեջ մեղադրող ուժերը ինչպես են կանգնելու կողք կողքի՝ հասարակության առջև, որի 10 զավակները զոհվեցին այդ ողբերգական դեպքերի ժամանակ»: Այս մասին գրում է «Առավոտ»–ը:





