Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։ Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ԴԱՀԿ) կատարողական վարույթ է հարուցել։
Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր։ Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետևանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս՝ առ այսօր նրան չի վճարվել 5 600 000 դրամ։
Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը: ՄԻՊ գրասենյակից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ Պաշտպանը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն Պաշտպանի միջնորդությունն Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Պաշտպանը Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը և միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին:





