AM
13 Նոյեմբեր 2012 - 07:02 AMT

Առողջ երեխաններին տեղավորում են հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններում

Գյումրիում գործազրկության տոկոսը առավել մեծ է տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում: Այդ պատճառով էլ շատ ընտանիքներ ու հատկապես միայնակ մայրեր, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով, երեխաներին տեղավորել են գիշերօթիկ դպրոցներ և մանկատներ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հավաստիացնում են, որ ծնող կամ ծնողներ ունեցող երեխաներին գիշերօթիկ, իսկ միանգամայն առողջ երեխաներին` հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատություններ տեղավորելու գործում, կարծես թե առանձնակի շահագրգռվածություն են ցուցաբերում այդ հաստատությունների տնօրենները:«Հավանաբար այն պատճառով, որպեսզի կարողանան պետական բյուջեից ստանալ ավելի շատ ֆինանսական միջոցներ: Հանդիպել ենք նույնիսկ այնպիսի դեպքերի, երբ գիշերօթիկ կամ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հաստատությունից իրենց երեխաներին հանելու հարցում մեծ դժվարությունների ու խոչընդոտների են հանդիպում ծնողները»,-ասված է հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող կնոջ մասին է, ով նույնպես իր երկու տղաներին տեսնում է միայն շաբաթ և կիրակի օրերին, երբ նրանք տուն են վերադառնում «Թռչունյան տուն» մանկատնից: