AM
13 Նոյեմբեր 2012 - 09:06 AMT

Արա Պետրոսյան. Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանը միջազգային տուրիզմի կիզակետում էր

Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում Հայաստանը միջազգային տուրիզմի կիզակետում էր: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը` ամփոփելով 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ցուցանիշները: «Դրա վառ վկայությունը հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացած «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովն էր, որին մասնակցեցին ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղարը, ՄԱԿ ԶՀԿ անդամ երկրների զբոսաշրջության պատասխանատու պաշտոնյաներ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսանողներ` շուրջ 150 մասնակից: Համաժողովի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագիրը էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժևորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը»,- նշեց նա` հավելելով, որ համաժողովը հնարավորություն ընձեռեց Հայաստանին նորովի ներկայանալու համաշխարհային զբոսաշրջային հանրությանը:

Անդրադառնալով նույն օրերին Երևանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների Զբոսաշրջության Խորհրդի հերթական նիստին` Արա Պետրոսյանը շեշտեց, որ դա ևս մեկ անգամ սևեռեց միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի վրա` որպես զբոսաշրջության զարգացման կենտրոնի: