Եթե Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցը լիներ, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Նման կարծքի է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր պաշտոնական կայքում մեկնաբանելով այն լուրերը, թե ԲՀԿ նախաձեռնած քաղաքական քննարկումների հեղինակն ինքն է:
«Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության:
Ի դեպ, սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, իսկ իրականության մեջ, չգիտես ինչու, կառավարության դերը զգալիորեն նվազեց:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր: Ի դեպ, կառավարման կիսանախագահական եղանակն այդ արատն իր մեջ կրում է անգամ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում (օրինակ, քչերն են հիշում, թե ով էր Ֆրանսիայի վարչապետը նախագահ Սարկոզիի օրոք):
Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ:
Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է:
Այժմ խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին:
Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով:
Այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:





