Սիրիայում սկսված և ընթացող բախումները մեծ աշխարհաքաղաքական փոփոխությունների նախերգանքն են: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը հիշեցնում է, որ Թուրքիայից հետո դեպի Հյուսիսային Իրաք տանող ճանապարհը Սիրիան է: «ԱՄՆ-ի համար Սիրիան կարևոր է այնքանով, որ կարող է ապահովել ելք դեպի Միջերկրական ծով: Դա այն առանցքն է, որ եթե հաջողվի վերահսկել, ապա կհաջողվի վերահսկել ամբողջ Միջին Արևելքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ինքնավարության ձգտող քրդերի և ստեղծվելիք Քրդստանի մասին: «Այն չունի սահման դեպի ծով, հետևաբար նման պետություն ոտքի կանգնեցնելու համար պետք է ազատ միջանցք լինի: Իսկ ամենակարճ ճանապարհը Սիրիան է: Սա մեծ աշխարհաքաղաքական խաղերի դրսևորումն է, իհարկե, լավ փաթեթավորված, ինչ-որ սիրուն «Արաբական գարուն» անունով»,- նկատեց Արա Պապյանը: Նա ընդգծեց, որ սա մեծ փոփոխությունների նախապատրաստական փուլն է: Արևմուտքին պետք է միջանցք, և այն դա կարող է ստանալ Ասադի հետ համաձայնության գալով: Ըստ Արա Պապյանի՝ կարևոր չէ, ով կիշխի, կարևոր է իշխողը ինչպիսի դիրքորոշում կունենա:





