Ամբողջ Երևանում մոբիլիզացնում են վարչական ռեսուրսը, որպեսզի կարողանան քվեներ ապահովել Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այս մասին ահազանգում է պատգամավորի՝ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորի թեկնածուն հայտնեց, որ թիվ 81 և 20 երթուղային տաքսիների որոշ վարորդների պարտադրել են հանձնել իրենց անձնագրերը ինչ-որ մարդկանց, ովքեր նրանց հայտնել են, որ վերջիններս քվեարկելու են Թիվ 1 ընտրատարածքում: Նա նաև հայտնեց, որ բոլոր այն հաստատություններում, որոնք այս կամ այն չափով գտնվում են իշխանության ազդեցության տակ, խնդիր է դրված ՀՀԿ-ական թեկնածուի օգտին որոշակի քանակով ձայներ ապահովել:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այս մասին իրեն հայտնել են այդ մարդկանց հարազատները, ովքեր գնացել են թեկնածուի նախընտրական շտաբ ու մտահոգություն հայտնել, որ հակառակվելու դեպքում իրենք կարող են առանց աշխատանքի մնալ: Նա նաև տեղեկացրեց, որ անձնագրերի տերերը Ավան, Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածներում չեն ապրում: «Անձնագրերը պահում են իրենց մոտ, որպեսզի այս մարդիկ չկարողանան խուսափել այդ օրը գնալուց: Ես կասկածներ ունեմ, որ նրանք կներառվեն լրացուցիչ ցուցակներում և ընտրությունների օրը իրենց անձնագիրը ետ ստանալու համար պարտադրված կլինեն մասնակցել քվեարկությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ եթե ինքը վստահ լինի, որ այդ քաղաքացիները խնդիրներ չեն ունենա, կդիմի իրավապահ մարիմիններին, որովհետև դա արդեն շատ լուրջ պատճառ է վիճարկելու Հանրապետական կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններին: Ստյոպա Սաֆարյանը դեռ բավարարվում է նախազգուշական հայտարարություններով և կոչ է անում դադարեցնել անօրինականությունները:





