«Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ» պահանջով այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Բանակն իրականում» հասարակական կազմակերպության անդամներն ու բանակում մահացած զինվորիների ծնողները:
«Իմ որդուն` Վալերի Մուրադյանին, սպանել են 2010 թվականին: Խեղդել են, հետո կախել: Իմ երեխան ականատեսա եղել վառելիքի անօրինական առուվաճառքի, դրա համար են նրան սպանել: Մենք պահանջում ենք, որ մեղավորները պատժվեն, ոչ մեկը մինչև այսօր պատժված չի: Եթե նախագահը կապ չունի այս սպանությունների հետ, թող գոնե մի մեղավորի պատժի: Ընտրարշավը սկսվում է, ուր գնաց, հետը գնալու եմ, որ ինքը ժողովրդին ասի ընտրեք, ես էլ իմ երեխայի մասին պատմեմ», -ասաց Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:
Բողոքի ցույցին մասնակցում էր նաև 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը: Նրա խոսքով եղբոր սպանության գործը քննող Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը դատաքննությունը Երևանից տեղափոխել է Իջևան, որ հասարակության ուշադրությունից հեռու պահի:
«Արտակի ավտոմատին, որով իբր ինքնասպան է եղել, մատնահետքեր չեն հայտնաբերվել, մահից առաջ ստացած բոլոր 120 փափուշտները տեղում են եղել, դեպքի վայրում հայտնաբերված պարկուճի փոխարեն այլ համարի պարկուճ է հասել փորձաքննության», – ասաց Ծովինար Նազարյանը:
Նրա խոսքով մեղադրվող 3 շարքայինն ու 2 սպան իրական մեղավորները չեն: Նրանց հարազատները ևս մասնակցում էին ցույցին: Իսկ իրական մեղավորի հետքով քննիչները չեն ուզում գնալ: Ծովինար Հայրապետյանն ասում է` համակարգի 8-9 օղակ է աշխատում, որ մի վկայի թաքցնեն:





