«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանի նախագահն ընտրվելու է արտաքին քաղաքական ուժերի կամքով և ոչ թե քաղաքացիների քվեարկությամբ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արա Պապյանն ասաց, որ ինքը հակառակ կարծիքին է:
«Տարբեր երկրներ՝ այդ թվում Արևմուտքը, կարող են իրենց տեսակետն ունենալ, բայց լայն առումով իրենք որևէ կողմանապահություն չեն անի, որովհետև երկրի քաղաքականությունը չի որոշվում անհատի կամքով և ցանկություններով: Կան շատ օբյեկտիվ իրողություններ և ով էլ ընտրվի Հայաստանի նախագահ, պետք է ձգտի լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, որովհետև կան շուկաների, վարկերի, անվտանգության և այլ հարցեր»,- պարզաբանեց քաղաքագետը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում երբեք հասարակությունը նախագահ չի ընտրել: Իսկ երբ հասարակությունը չի կարող նախագահ ընտրել, նրա համոզմամբ՝ նախագահական ընտրարշավի գործընթացին մեծանում է աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը: Փորձագետը հիշեցնում էր ԱՊՀ, ինչպես նաև արաբական երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ իշխանափոխությանը մասնակցեցին և աջակցեցին կամ Արևմուտքը, կամ Ռուսասատանը, իհարկե տարբեր՝ հակադիր դիքերում:





