Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վարշավայում տեղի ունենալիք հնարավոր հանդիպումից մեկ օր առաջ` մայիսի 14-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ՀՀ ԱԳ նախարարի հետ: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` նշելով, որ հնարավոր չէ հաստատապես ասել, որ Վարշավայում կկայանա նախագահների հանդիպումը, բայց նախնական համաձայնություն կողմերը տվել են: «Մենք դեռ ուղղակի կոնտակտի դուրս չենք եկել ադրբեջանական կողմի հետ, բայց հանդիպման հավանականությունը մեծ է»,-նշեց նա: Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի` մոսկովյան միջոցառումներին չմասնակցելու հարցին` նախարարն ասաց, որ ընտրված պահը ճիշտ չէ: «Նախագահների հանդիպման նախաշեմին, երբ կողմերը հույս են հայտնում ինչ-որ առաջընթացի մասին, ադրբեջանական կողմի նման քայլերն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ իրենց կողմից ցանկություն չկա որեւէ առաջընթաց արձանագրել գործընթացում»,- կարծիք հայտնեց Վ.Օսկանյանը, հաղորդում է «երկիր» թերթը:





