Մոտ մեկ ամիս է մնացել նախագահի թեկնածուների առաջադրմանը, սակայն խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումները դեռ հստակ չեն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է նախընտրական զարգացումներին: «Իրականում չգիտեմ, թե ում նկատի ունեն, բայց իրենց նպատակներին հասնելու համար որոշ գործիչներ հայտարարել են, որ պատրաստ են բանակցել անգամ սատանայի հետ։ Արդյունավետ և լավ ընտրարշավ կազմակերպելու տեսակետից այսօր որևէ խնդիր գոյություն չունի։ Որևէ խոչընդոտ չենք տեսնում՝ ժամանակակից, թափանցիկ, արդար, ժողովրդավար, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ իրականացնելու համար։ Խնդիրը միայն որոշ քաղաքական ուժերի որդեգրած աշխատաոճն է. դեռ ընտրական գործընթացները չսկսած՝ փնովել, պիտակավորել ընտրական պրոցեսները։ Խորհուրդ նման կերպ դրսևորվող մարդկանց. մի փորձեք խեղաթյուրել գործընթացները և համարձակություն ունեցեք իրականությանը նայել հայ մարդու աչքերով, այլ ոչ թե հայելային արտացոլանքով։ Ի գիտություն բոլոր չուզողների՝ մենք գնում ենք այնպիսի ընտրությունների, որ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ դեռ չի գրանցվել։ Մենք համոզիչ հաղթանակ ենք գրանցել և խորհրդարանական, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նույն վճռականությամբ գնում ենք դեպի նախագահական ընտրություններ»,- ԱԺ-ում հայտարարել է Կարեն Ավագյանը:





