AM
13 Նոյեմբեր 2012 - 16:10 AMT

Այս տարի մատակարարված ջրի դիմաց հասույթը 800 մլն դրամով ավելի է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի հետ կապված և ընթացիկ այլ հարցեր: Ինչպես հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, Արարատի և Արմավիրի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներ, այլ պատասխանատուներ:

Մասնավորապես անդրադարձ եղավ մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների գանձման ընթացքին: Տեղեկացվեց, որ այս տարի մատակարարված ջրի դիմաց հասույթը կազմել է 5 մլրդ 285 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 800 մլն դրամով ավելի: Նոյեմբերի 11-ի դրությամբ գանձվել է 3 մլրդ 354 մլն դրամ կամ ձևավորված հասույթի 63,5 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման ծավալն ավելի է 114 մլն դրամով: Չնայած բացարձակ գումարային արտահայտությամբ հավաքագրումների աճին՝ փոխվարչապետն անբավարար համարեց տեմպերը և համակարգի արդյունավետ ու անխափան աշխատանքի տեսանկյունից կարևորեց տարին առանց պարտքերի փակելու հանգամանքը: Նա պատասխանատուներին հորդորեց հետևողական աշխատանք իրականացնել գյուղացիական տնտեսությունների հետ՝ գանձումները ողջ ծավալով ապահվելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մթերող կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ ամբողջությամբ գույքագրվել են նմանատիպ խնդիրները, և հետևողական քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մինչև նոյեմբերի 30-ը ընկերությունները կատարեն ստանձնած պարտավորությունները: Ըստ փոխվարչապետի՝ դա լրացուցիչ հնարավորություն կստեղծի, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան կատարել թե ստացած ոռոգման ջրի դիմաց վճարումները, թե տեղական հարկերի մասով իրենց պարտավորությունները: