AM
15 Նոյեմբեր 2012 - 05:48 AMT

«168 ժամ». ՀԱԿ ներկայացուցչի համար Ռոբերտ Քոչարյանի և ոչ մի խոսք համոզիչ չէ

Ռոբերտ Քոչարյանի և ոչ մի խոսք ինձ համար համոզիչ չէ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազույցի մասնավորապես այն պնդմանը, թե ինքը կապ չունի ԲՀԿ-ի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությունների վերաբերյալ նախաձեռնության հետ, և, եթե ինքը ցանկանար, որ գործեր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ապա դա կաներ դեռևս 2005 թվականին: Այս մասին գրում է «168 ժամ» թերթը։ «Ինչ վերաբերում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկին, ապա Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ այդ խոսակցությունները միայն «հեքիաթ» են:

«Եթե երկրում չկա ընտրություն, ցանկացած համակարգ՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Ընդունենք, որ ես կողմ չեմ հարյուր տոկոս համասնական ընտրակարգին անցնելուն: Ասեմ՝ ինչո՞ւ: Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն այս ընտրություններում վերընտրվում է ու սրանից հետո այնպիսի Սահմանադրական փոփոխություններ են լինում, ինչպիսին խորհրդարանական կառավարումն է, և Սահմանադրությամբ լրիվ իրավունք են ստանում, ու Սերժ Սագսյանը դառնում է վարչապետ: Ու ի՞նչ, այս տարիներին մի այդքան էլ ավելացնի»,- բացատրեց Գրիգոր Հարությունյանը: Ըստ նրա՝ երկրի դժբախտությունը ոչ թե կառավաման համակարգի մեջ է, այլ՝ այն մարդկանց, ովքեր ձևավորում են իշխանությունը: