AM
15 Նոյեմբեր 2012 - 08:04 AMT

Բնապահպան. Նախարարությունը նոր օրենքում մեր դիտողություններն ու առաջարկները հաշվի չի առել

Բնապահպանության նախարարության մեղքով արգելոցից արգելավայրի փոխված Խոսրովում որսագողության նոր ահազանգերի մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց Էկոլոգիական հասարակական դաշինքի ղեկավար Սիլվա Ադամյանը.«Ինձ համար զարմանալի էր դեռ նախորդ դեպքը, երբ հեռուստատեսությամբ ցույց տվեցին 45 կիլոգրամանոց մարդու ու մեղադրեցին այծ ու արջ որսալու մեջ: Մինչև այսօր մութ է մնացել: Իրավապահ մարմիններին և Բնապահպանության նախարարությանն ուղղված մեր հարցերն անպատասխան են մնում»,-ասաց Սիլվա Ադամյանը: Նա անդրադարձավ նաև Բնապահպանության նախարարության մշակած նոր օրենքին: Նշեց, որ 20-30 կազմակերպություններ իրենց նախաձեռնությամբ հավաքվել և քննարկել են, բուսաբանական և կենդանաբանական գիտական ինստիտուտներին են դիմել ու առաջարկներ ներկայացրել բնապահպանության նախարարություն.«Բայց երբ օրենքը գնաց կառավարություն, պարզվեց, որ ոչ մի առաջարկ չի մտել օրենքի մեջ, երեկ երկու նամակ ենք ուղարկել կառավարություն և ԱԺ: Բնապահպանության նախարարության գործունեությունն անընդունելի է»,- ասաց Սիլվա Ադամյանը:Նրա խոսքով՝ այս դեպքը ևս մեկ օրինակ է, որ բոլոր նախաձեռնությունները, որ փորձում են անել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու բնապահպան ակտիվիստները, նախարարությունն անտեսում է և ոչ մի առաջարկ ու դիտողություն չի ընդունում: