AM
15 Նոյեմբեր 2012 - 08:58 AMT

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին շարունակում են տուգանել մեքենան սխալ տեղում կայանելու համար

Առ այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ և հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ Վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում, և համապատասխան արտոնություններ տրամադրել նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին:

Ընդունելով Պաշտպանի առաջարկը` Վարչապետը որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարական էր տվել։ Այդ հանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սեղմ ժամկետներում պատրաստել է ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները կտարածվեն նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։ Սակայն մինչ օրս նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության ձգձգման պատճառով չի ներկայացվել ՀՀ Կառավարության նիստերի օրակարգ: Արդյունքում առ այսօր հաշմանդամություն ունեցող երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին:

Պաշտպանը հույս է հայտնում, որ ՀՀ կառավարության աշխատակազմը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հնարավորինս շուտ կներառի այս առաջարկը կառավարության նիստերի օրակարգում և կընդունի այս նախագիծը՝ լուծելով բազմաթիվ երեխաների ազատ և մատչելի տեղաշարժման խնդիրը։