Ի տարբերություն գրիպի, հարբուխը կարելի է տանել ոտքի վրա: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` խոսելով գրիպի և հարբուխի տարբերությունների մասին: «Գրիպի դեպքում դիտվում է կտրուկ բարձր ջերմություն, քթից արտադրություն, մկանացավ, գլխացավ, և հիվանդին անկողնային ռեժիմ է հարկավոր հիվանդությունը հաղթահարելու համար: Մինչդեռ հարբուխի դեպքում բարձր ջերմությունը պարտադիր չէ, քթից արտադրություն կարող է լինել, ինչպես նաև առկա է հոգնածություն, ջարդվածություն, բայց այն կարելի է տանել ոտքի վրա»,- ասաց նա:
Մասնագետը նշեց, որ երկու հիվանդությունների հարուցիչներն էլ վիրուսներ են, որոնք աղտոտում են օրգանիզմը: «Երկուսի դեպքում էլ առաջանում են տոքսիկ նյութեր, որոնց դեմ պայքարելու համար հակաբիոտիկները կամ տարածված հակահարբուխային դեղամիջոցներն արդյունավետ չեն և ցանկալի չեն կիրառման համար: Ամենակարևորը մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելն է, որպեսզի օրգանիզմը մաքրվի, ինչպես նաև խուսափել փակ և չօդափոխվող տարածություններից»,- ընդգծեց Թորոսյանը` հավելելով, որ օդակաթիլային ճանապարհով տարածվող այդ հիվանդություններով չվարակվելու համար կարևոր է նաև հետևել անձնական հիգիենային:





