AM
15 Նոյեմբեր 2012 - 12:17 AMT

Երևանի քաղաքապետարանը 2012թ. շինբարեկարգման աշխատանքների համար ծախսել է մոտ 19 մլրդ դրամ

Երևանի քաղաքապետարանը 2012թ. շինբարեկարգման աշխատանքների համար ծախսել է 18,8 մլրդ դրամ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը: Նրա խոսքով` 10 մլրդ դրամ ուղղվել է Երևան քաղաքի ասֆալտապատման աշխատանքներին, իսկ 8,8 մլրդ դրամ` այլ շինարարական աշխատանքների համար:

«Աշխատանքներն իրականացվել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ընդ որում՝ 40 փողոցներ հիմնանորոգվել են, բարեկարգվել են թե երթևեկության հատվածը, թե մայթերը, թե եզրաքարերը: Աջափնյակ վարչական շրջանում հիմնանորոգվել են Գր. Հասրաթյան, Շիրազի փողոցները, Լենինգրադյան փողոցը` մասամբ (Շինարարների փողոցի հետ խաչմերուկից մինչև Հասրաթյան փողոցի հետ հատման հատվածը), Հալաբյան փողոցի Աբելյան փողոց տանող հատվածը, ինչպես նաև Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհը: Մալաթիա վարչական շրջանում ամբողջովին հիմնանորոգվել է Բաբաջանյան փողոցը: Կենտրոն վարչական շրջանում հիմնանորոգվել են Մաշտոցի պողոտան, Աթենքի, Պուշկինի, Սարյան փողոցները, Բաղրամյան պողոտան` մասամբ, Պարոնյան, Պռոշյան, Խորենացի փողոցները: Էրեբունի վարչական տարածքում հիմնանարոգման են ենթարկվել Ռոստովյան, Գ.Նժդեհ փողոցը` մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատումը, Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցները: Նոր Նորքում հիմնանարոգվել են Բագրատունյաց պողոտան, Բագրևանդի փողոցը և ՀՀ պաշտպանության նախարարությունից դեպի Ավան վարչական տարածք տանող Երիտասարդության փողոցը»,- ասաց նա` հավելելով, որ տրամվայի գծերի ապամոնտաժումից հետո բարեկարգվել են Բարգատունյաց և Սեբաստիա փողոցները:

Յայլոյանը նշեց, որ մասնակի վերանորոգման են ենթարկվել շուրջ 600 փողոցներ: «Բոլոր փողոցների ասֆալտապատումից առաջ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է համապատասխան կոմունալ ծառայություններին, որպեսզի վերջիններս նախ իրականացնեն իրենց բարեկարգման աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո նման աշխատանքների թույլտվություն չեն ստանալու»,-ասաց նա` հավելելով, որ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է շուրջ 2 մլն քմ տարածք:

Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալը կարևորեց Ուլնեցու և Ծարավ աղբյուրի փողոցների կառուցումը, ինչպես նաև Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ճանապարհի շինարարությունը, որը, նրա խոսքով, կարող է ավարտվել այս տարվա դեկտեմբերին: «Իրականացվել են այդ թվում ճաքալցման աշխատանքներ` շուրջ 330 հազ. գծամետր երկարությամբ, ինչի համար, մասնավորապես, ծախսվել է 130 մլն դրամ, իսկ մայթերի բետոնյա սալիկների տեղադրման համար ուղղվել է 200 մլն դրամ»,- ասաց նա: