Էկոլոգիական հասարակական դաշինքից PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են, որ բնապահպանության նախարարությունից ստացել են իրենց նամակի պատասխանը: Նամակում դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը խնդրել էր տրամադրել մանրամասն տեղեկություններ Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթի անցկացման կարգի մասին և թեկնածուների ցուցակը: Պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ի պատասխան Ձեր 2012 թվականի նոյեմբերի 8-ի գրության, տեղեկացնում եմ, որ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի հայտարարությունների բաժնում»:
«Կայքում նշված է միայն թեկնածուների անունները, իսկ մենք ուզում ենք իմանալ ովքեր են այդ մարդիկ, ինչ փորձ ունեն: Տարօրինակ է նաև, որ նամակն ուղարկել եմ որպես հասարակական դաշինքի համակարգող, բայց ինձ պատասխանում են, որպես քաղաքացու»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:





