AM
15 Նոյեմբեր 2012 - 12:29 AMT

Ի՞նչ կապ ունեն երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մահափորձի մասնակիցները գործարար Էդմոնդ Խուդյանի հետ

Ամերիկաբնակ գործարար Էդմոնդ Խուդյանը, ով նախկինում գործունեություն է ծավալել նաև Հայաստանում, նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որի առիթը երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպն է.

Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի Պրն. Գասպարյան,

Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. Հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ որ այն ողբերգությամբ չի ավարտվել:

Հարկ եմ համարում ձեզ հայտնելու որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Դեռևս անցյալ տարվա Մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին այն մասին որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ չեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին և այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռևս շարունակվելու է քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնության ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է:

Ցավում եմ որ ոստիկանության բարփոխումներն այնքան են նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում:

Կից ուղարկում եմ իմ անցյալ տարվա դիմումի պատճենը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը նաև ուղղված է եղել ՀՀ նախագահին և Գլխ. դատախազին»:

Հիշեցնենք, որ գործարար Էդմոնդ Խուդյանը Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես էր սկսել և խաբվել էր: Դեպքից շուրջ շուրջ 1.5 տարի է անցել, բայց դատարանը դեռ նրան ճի ճանաչել որպես տուժող, ինչի հետևանքով գործարարը չի կարողանում հետ ստանալ կորցրած գումարները: