AM
15 Նոյեմբեր 2012 - 12:35 AMT

Վարչապետ. Բյուջեի նախագիծը հիմքեր է ստեղծում 2013 թվականին արմատական բարեփոխումների համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթը է ունեցել Ազգային ժողովում՝ ամփոփելով 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: Նա մասնավորապես ասել է.

«Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:

Թիվ մեկ խնդիրը, որ մենք դնում ենք մեր առջև, կայանում է հետևյալում. 2013 թվականին մենք մեր ժողովրդին և պետությանը պետք է զերծ պահենք ցնցումներից և արտաքին ռիսկերից: Սա լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, ռիսկերը և վտանգները, որոնք այսօր առկա են աշխարհում և տարածաշրջանում: Դա ստիպում է մեզ ձեզ ներկայացնել հավասարակշռված և իրատեսական բյուջե և զերծ մնալ սոցիալական ավելորդ ռիսկերից ու ծուղակներից, որոնց մեջ հայտնվել են աշխարհի տասնյակ երկրներ՝ ստանձնելով այնպիսի սոցիալական պարտավորություններ, որոնք ի վիճակի չեն կատարել:

Շատ մեծ է գայթակղությունն ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ պատասխանատվության բարձր աստիճան ենք զգում և մեր գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից:

Իհարկե, մեր հանրության մեջ կան արդարացի դժգոհություններ, մենք երբևէ հավակնություն չենք ունեցել ձեզ ներկայացնել բացարձակ ճշմարտություններ և մշտապես պատրաստ ենք այդ հիմքի վրա երկխոսության:

Շնորհակալ ենք բոլոր պատգամավորներին, որոնք մեզ են ներկայացրել շուրջ 60 առաջարկություններ, թե ինչպես կարելի է բարելավել պետական բյուջեի նախագիծը, որոնց մեջ կային նաև այնպիսի առաջարկություններ, որոնք պետք է անպայման ընդունենք: Մենք պատրաստ ենք ձեզ հետ երկխոսության:

Բյուջեի նախագիծը, որը ձեզ ենք ներկայացնում, հիմքեր է ստեղծում, որպեսզի 2013 թվականին իրականացնենք արմատական բարեփոխումներ: Սա է պետական բյուջեի նախագծի առաքելությունը և այդ գաղափարի հիման վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց պարտավորություն ենք ստանձնում իրականացնելու արմատական բարեփոխումներ:

Հենց այդ հենքի վրա էլ ես փորձում եմ բացահայտել ընդդիմության կողմից հնչող քննադատության մեջ այն ռացիոնալը, որը կարող է օգնել մեզ բարելավելու պետական բյուջեի նախագիծը, իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Համոզված եմ, որ քննադատների մեծամասնությունը ազնիվ մղումներից ելնելով է ներկայացնում առաջարկություններ՝ նպատակ ունենալով կառուցել ավելի բարեկեցիկ երկիր: Մենք շնորհակալ ենք նաև այդ քննադատության համար»: