AM
15 Նոյեմբեր 2012 - 12:44 AMT

Վարչապետ. Ընդդիմության դիտողությունը Կայուն զարգացման նոր համալիր ծրագրի անհրաժեշտության մասին ընդունելի է

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթը է ունեցել Ազգային ժողովում՝ ամփոփելով 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: Նա մասնավորապես ասել է.

«Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:

Իր ելույթում վարչապետը կանգ է առել այն խնդիրների վրա, որոնք կարող են ստեղծել երկխոսության հիմքեր ընդդիմության հետ: «Առաջինը՝ տնտեսական աճն է: Մեր խնդիրն է՝ ինչպես իրականացնել տնտեսական աճը և ճյուղային արդյունաբերական քաղաքականությունը: Մենք մշտապես բաց ենք եղել երկխոսության համար և նաև ընդդիմությանն ենք հրավիրել մեր քննարկումներին: Ցանկանում եմ արձանագրել, որ ընդդիմությունը նույնպես բարձր է գնահատել ճյուղային արդյունաբերական քաղաքականության ծրագիրը, որը միտված է արտահանման ծավալների ավելացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ քննարկումներին մասնակցելու համար»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

«Երկրորդ. հնչած այն դիտողությունը, որ մենք պետք է հանրությանը ներկայացնենք Կայուն զարգացման նոր համալիր ծրագիր, ընդունելի է, և մենք ձեզ հրավիրում ենք այդ փաստաթղթի քննարկմանը, որը մինչև 2025 թվականը կմատնանշի բոլոր ցուցանիշները: Այդ առումով, այն դիտությունները, որոնք ներկայացնում եք մեզ, կարող են օգտակար լինել: Այս ոլորտում արմատական փոփոխություն արդեն իսկ առկա է. մակրոտնտեսական կայունության ապահովման հայեցակարգից անցում ենք կատարել դեպի այն հայեցակարգը, որը ենթադրում է, որ կառավարությունը պարտավորություն պետք է ստանձնի նաև ճյուղային արդյունաբերական քաղաքականության համար:

Գյուղ և գյուղատնտեսություն. վերջին երեք տարիների ընթացքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել և դրանք շարունակվելու են: Մշակել ենք համալիր ծրագիր: Այսուհետ գյուղը և գյուղատնտեսությունը դիտարկելու ենք միասնականության մեջ, քանի որ գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները ենթադրում են արտադրողականության աճ և մենք կանգնած ենք լինելու լրջագույն խնդրի առջև՝ մարդկանց ապահովել աշխատատեղերով նաև գյուղական վայրերում: Այդ տեսակետից, մարզերի համաչափ զարգացման խնդիրը մեզ համար ունի էական նշանակություն:

Հարգելի գործընկերներ, սոցիալական բնագավառում մշտապես հնչող քննադատությունն ուղղված էր նրան, որ անհրաժեշտ է ավելացնել սոցիալական նպաստները, թոշակները, ինդեքսավորել դրանք, և մեր քննադատները մշտապես մոռանում են այն արմատական փոփոխության մասին, որ ներկայացրել ենք ձեզ: Կարծում եմ, որ անընդհատ շրջանցում եք այդ հարցը, քանի որ համամիտ եք մեր քաղաքականության հետ: Մենք այսուհետ պայքարում ենք ոչ թե հետևանքների դեմ, այլ այն պատճառների, որոնք աղքատություն և սոցիալական խնդիրներ են ծնում: Այդ բնագավառում ներկայացված է արմատական փոփոխություն՝ անապահով ընտանիքներին թիրախային օժանադակություն, աշխատանքի ապահովում, կրթական և առողջապահական ծախսերը վերցնել պետության վրա: Սա նշանակում է, որ ֆինանսական միջոցների վերաբաշխումը տեղի է ունենում այս նոր մոդելին համահունչ:

Հաջորդ խնդիրը՝ գերկենտրոնացվածությունն է, աղքատների ու հարուստների տարբերության խորացումը: Այս խնդիրն արտացոլված էր մեր նախընտրական և այն ծրագրում, որը ներկայացվեց Ազգային ժողովի հավանությանը: Կարծում եմ, որ լուծումների վերաբերյալ կարող ենք ձեզ հետ աշխատել, քանի որ մեր քննադատների կողմից հնչեցվող բազմաթիվ առաջարկություններ արժանի են քննարկման և տեսնում ենք, որ կարող ենք այդ ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել»,-ասել է Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում: