AM
15 Նոյեմբեր 2012 - 12:51 AMT

Կառավարությունն ընդունում է ՀՅԴ և «Ժառանգության» առաջարկները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթը է ունեցել Ազգային ժողովում՝ ամփոփելով 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: Նա մասնավորապես ասել է.

«Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետն ասել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցելու համար: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այն առաջարկությունները, որոնք դուք հնչեցրել եք, մեզ համար ընդունելի են: Մենք կենտրոնանալու ենք 2-3 գերակա խնդիրների վրա և համաձայն ենք ձեր այն առաջարկության հետ, որ մոնիթորինգի հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն ընդդիմության ներկայացուցիչները: Ես ձեզ պաշտոնապես տեղյակ եմ պահում, որ ՀՅԴ-ի առաջարկությունը մեր կողմից ընդունվել է: Այդ մոնիթորինգի հանձնաժողովում 1/3-րդ մասը հատկացնելու ենք ընդդիմությանը, 1/3-րդը՝ ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական կազմակերպություններին, 1/3-ը՝ կառավարությանը: Համոզված եմ, որ այս առաջարկությունն օգնելու է մեզ հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի արդյունավետ»:

«Հաջորդ խնդիրը՝ գիտության ֆինանսավորումն է: Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը:

Հարգելի գործընկերներ, մեր աշխատաոճը հետևյալն է. մենք քաջ գիտակցում ենք, որ ընդդիմությունը պետք է սուր քննադատության ենթարկի կառավարությանը և մենք պետք է զերծ մնանք այն գայթակղությունից, որպեսզի նույն եռանդով ու սրությամբ արձագանքենք այդ քննադատությանը: Մեր առջև այլ խնդիր ենք տեսնում, որպեսզի այդ քննադատության մեջ բացահայտենք այն եզրերը, որոնք մեզ համար կարող են ձևավորել համերաշխության և համագործակցության մթնոլորտ, որովհետև մենք առաջին հերթին պատասխանատու ենք դրա, իսկ ընդդիմությունը՝ քննադատելու համար:

Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք մեծ ուշադրությամբ կուսումնասիրենք բոլոր այն դիտողոթյուններն ու առաջարկությունները, որոնք դուք օրենքի համապատասխան պետք է 24 ժամվա ընթացքում ներկայացնեք կառավարությանը: Անպայման կփորձենք հաշվի առնել բոլոր այն դիտողությունները, որոնք համահունչ են մեր գաղափարախոսական սկզբունքներին: Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է վարչապետն իր ելույթում: