2012թ. Երևանում տեղադրվել են Հայաստանի Հանրապետության 72 դրոշներ: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը, դրոշներից 52 հատը 10 մետր երկարությամբ են, իսկ 20-ը` 15 մետր, դրոշների տեղադրման համար ծախսվել է 19 մլն դրամ: «Երևան քաղաքի շինբարեկարգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտություն եղավ Երևանի քաղաքապետարանի նոր մասնաշենք բացել: Այդ նպատակով Բուզանդ 1/3 հասցեում` «Երևաննախագիծ» ՓԲԸ շենքում 133 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, որից հետո քաղաքապետարանի վարչությունների մի մասը տեղափոխվեց այդ շենք: Իսկ դեռևս 2010թ. Աջափնյակ համայնքի Սիսակյան 22 հասցեում մեկնարկած 14 հարկանի բնակելի շենքի շինարարական աշխատանքները ծրագրվում է ավարտել դեկտեմբերի 1-ին: Այդ աշխատանքներին ուղղվել է 2,5 մլրդ դրամ»,- նշեց նա:
Յայլոյանը տեղեկացրեց, որ նորոգվել և մաքրվել են 137 շենքերի ֆասադներ, ինչի համար ծախսվել է 600 մլն դրամ: «Ավելի քան 1000 բակեր հիմնանորոգվել են, իսկ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրն այժմ ֆուտբոլի մինի-դաշտ ունի: Բացի այդ, 2012թ. ընթացքում ջեռուցում են ստացել 8 գրադարաններ, 6 ստեղծագործական կենտրոններ և 2 երաժշտական դպրոցներ, ինչի համար ծախսվել է 400 մլն դրամ: Ջեռուցվել են նաև 45 հանրակրթական դպրոցներ, որի նպատակով հատկացվել է 1,3 մլրդ դրամ: 600 մլն դրամ ծախսվել է 26 մսուր-մանկապարտեզների հիմնանորոգման համար: 234 մլն դրամով վերականգնվել են 13 հենապատեր, իսկ ջրային կառույցների նորոգման համար ծախսվել է 300 մլն դրամ»,- ասաց նա` հավելելով, որ հիմնանորոգվել է նաև Հրազդան կիրճի ձախափնյա մայթը` մանկական երկաթուղուց մինչև Կիևյան կամուրջ տանող հատվածում:
Երևանի քաղաքապետարանը 2012թ. շինբարեկարգման աշխատանքների համար ընդհանուր առմամբ ծախսել է 18,8 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամ ուղղվել է մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքներին, իսկ 8,8 մլրդ դրամ` այլ շինարարական աշխատանքների համար:





