ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Պրահա մեկնած ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ղեկավարած պատվիրակությունը մի քանի առիթ է ունեցել անդրադառնալու ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործարքին: Այսօր ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կորյուն Նահապետյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը ևս մտահոգություն է հայտնել այս գործարքի կապակցությամբ: «Պատվիակությունների ղեկավարների և անդամների հետ հանդիպման ժամանակ նույնպես կար մտահոգություն, որ այն, ինչ տեղի է ունեցել, ոչ մի կերպ չի համապատասխանում այն ժողովրդավարական արժեքներին, որոնք առանցքային են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների համար»,- ասաց Կորյուն Նահապետյանը: Նա նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը այն հարթակն է, որտեղ ՀՀ ԱԺ պատվիրակությունը առավել արդյունավետ կերպով կարող է ներկայացնել իր դիրքորոշումները սաֆարովյան գործարքի վերաբերյալ:
Նա նաև նկատեց, որ Չեխիայի հանրապետության խորհրդարանը ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է սաֆարովյան գործարքը: Ինչի կապկացությամբ Հայաստանից մեկնած պատվիրակությունը չեխ-հայկական բարեկամական խմբի հանդիպման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարով դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Ադրբեջանում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին:





