ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ միաժամանակ համագործակցելու մեջ Հայաստանը որևէ հակասություն չի տեսնում: ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի ռազմաքաղաքական համակարգի բաղկացուցիչ մասն է: Դրա հետ մեկտեղ Հայաստանը խորացնում է իր գործընկերական հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ բոլոր բնագավառներում: Այսօր ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից նոր վերադարձած՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Այն բարեփոխումները, որ իրականացնում ենք մեր հանրապետությունում, առանձին ուղղություններով արվում են նաև ՆԱՏՕ-ի օժանդակությամբ: Կուզենայի առանձնացնել պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխումները: Մենք արդեն ունենք որոշակի ձեռքբերումներ: Եվ կարծում եմ առաջիկայում կլինեն կոնկրետ քայլեր, որոնք կարձանագրեն նաև ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունների արդյունքում ունեցած հաջողությունները»,- ասաց նա:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սկսվել են 1992թ, երբ Հայաստանն անադամակցեց Հյուսիսանտլանտյան համագործակցության խորհրդին:
Նույն թվականին էլ Տաշքենդում ստեղծվել է ՀԱՊԿ-ն, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը,Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղըզստանը:





