AM
15 Նոյեմբեր 2012 - 13:45 AMT

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ՀԱԿ-ին մնում է հավաքել մեկ ստորագրություն

Նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար ՀԱԿ-ին մնում է հավաքել մեկ ստորագրություն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ժամը 11:15-ին մեկնարած ստորագրահավաքում անհրաժեշտ 44 ստորագրություններից 43-ը համապատասխան ձևաթղթում արդեն կան: Ստորագրահավաքը շարունակվելու է մինչ վաղը՝ ժամը 11:15:

Այսօր Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը բանակցել է չորս խմբակցությունների հետ և որոշել են արտահերթ նիստ հրավիրել, որի նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է: Այն նախատեսում է մի շարք փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում: «Եկել է ժամանակը նախագահական ընտրություններից առաջ այս քայլը կատարելու, առաջարկված փաթեթը դրել ենք շրջանառության մեջ, բայց եթե սպասենք բնական ընթացակարգին, այդ փոփոխությունները հնարավոր չի լինի անել մինչև նախագահական ընտրությունները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն հիմնականում կիսում է այն դրույթները, որ մտցրել են փաթեթի մեջ, ՀՅԴ-ն նույնպես կողմ է նման քննարկմանը, չնայած որոշակի առարակություններ ունի: Ըստ Զոհրաբյանի՝ օրինագծում հաշվի են առել բոլոր այն առարկությունները, որ ժամանակին արել են «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն: