AM
12 Մայիս 2005 - 08:01 AMT

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՏԱՐԻ ԵԽ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողներ Եժի Յասկերնյայի եւ Ժորժ Կոլումբիեի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Այդ առումով Վ.Օսկանյանը կարեւորել է ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք հանրաքվեի անցկացումը: Այդ գործընթացի միջոցով կվերացվեն վերջին խոչընդոտները եւ մինչեւ տարվա վերջ Հայաստանը կկատարի Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած իր պարտավորությունները, ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Հայաստանում ժողովրդավարական գործընթացների համատեքստում նախարարը կարեւորել է նաեւ ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւանություն» ծրագրում ՀՀ ներգրավվածությունը: Հյուրերի խնդրանքով, Վ.Օսկանյանը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բանակցային ներկա փուլը եւ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը: Նա նաեւ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներին: