Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցեց «Ազգային տնտեսության մրցակցության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը: Կառավարության ղեկավարը ներկայացրեց Կառավարության բարեփոխումների ծրագիրը` տնտեսության, գյուղատնտեսության, սոցիալական և այլ ոլորտներում :Վարչապետն անդրադարձավ տնտեսության զարգացման նոր հայեցակարգին, որը նրա խոսքով, իր բովանդակությամբ առաջինն է անկախությունից հետո և արմատական փոփխությունների կբերի, քանի որ պետությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունը որոշելու, թե որոնք են տնտեսության մրցունակ ճյուղերը :
«Մասնավոր հատվածի հետ արդեն 11 ճյուղ ենք առանձնացրել, որոնք մրցունակ կլինեն առաջիկա տարիներին, և դրանց զարգացման հարցում նաև ձեր օգնության կարիքն ունենք, քանի որ պարզվեց, որ ամեն ճյուղ առանձին մոտեցում է պահանջում, իսկ դա հսկայական աշխատանք է», – ասաց Տիգրան Սարգսյանը :
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին` վարչապետը նշեց համայնքերի մեծացման, կոոպերացիաների ստեղծման անհրաժեշտության մասին, իսկ սոցիալական ոլորտի մասին նշեց, որ թոշակներն ու նպաստները չեն բարձրանում, քանի որ կառավարությունը ոչ թե աղքատության, այլ դրա պատճառների դեմ է պայքարում:
«Ինչքան պետությունը շատ գումար է հատկացնում այս ոլորտին, այնքան ամեն տարի սպասելիքներն ավելի մեծ են լինում : Մարդիկ սպասում են, որ թոշակներն ու նպաստներն ամեն տարի 15 տոկոսով բարձրանան, իսկ այն ստանալու սահմանված չափանիշներին համապատասխանելու համար իրենց ունեցած անասունը, բիզնեսն են օտարում», – ասաց վարչապետը :
Նրա խոսքով ֆինանսական միջոցներն ուղղվելու են կրթության ոլորտին, քանի որ հենց կրթությունն է աղքատ ընտանիքների երիտասարդների գլխավոր խնդիրը, իսկ այդ ընտանիքների աշխատունակ անդամների համար աշխատատեղեր են ստեղծվելու, որոնք, սակայն, ըստ վարչապետի, այնքան էլ չեն հետաքրքրում նրանց :





