AM
16 Նոյեմբեր 2012 - 10:42 AMT

ՄԻՊ գրասենյակն արդեն մշակել է հակախտրական օրենքի նախագծի նախնական տարբերակը

Այսօր հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում ՀՀ-ում հակախտրական օրենսդրության նախաձեռնման, մշակման և ջատագովության շուրջ:

Կազմակերպության իրավաբան Լուսինե Ղազարյանը ՀՀ-ում հակախտրական օրեսնդրություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորեց Հայաստանում գործող օրենքներում առկա բացերով, ինչպես նաև միջազգային ստորագրված և վավերացված կոնվենցիաներով և հանձնարարականներով:

Այնուհետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամների և փոքրամասնությունների իրավապաշտպան Տաթևիկ Խաչատրյանն ու իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Վարդևանյանը նշեցին, որ ՄԻՊ գրասենյակի կողմից արդեն իսկ մշակվել է հակախտրական օրենքի նախագծի նախնական տարբերակը, ինչպես նաև ներկայացրին ՄԻՊ գրասենյակի դիրքորոշումը այս օրենսդրության անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ:

Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկման ընթացքում իրենց մտահոգությունը հայտնեցին այն փաստի շուրջ, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից մշակված հակախտրական օրենքի նախագծի մշակումը տեղի չի ունեցել թափանցիկ պայմաններում և հանրության մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա կազմակերպությունները նշեցին նաև, որ տարիներ շարունակ իրենք իրենց գործությունեությունը ծավալել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և պայքարել խտրականության տարատեսակ դրսևորումների դեմ, սակայն նրանց հնարավորություն չի տրվել իրենց փորձառությունը և խտրականությանը առնչվող ոլորտներում իրենց գիտելիքները կիրառել օրենքի նախագծի նախաձեռնման և նախնական մշակման փուլում:

Հանդիպման ավարտին քննարկմանը ներկա կազմակերպությունները վերահաստատեցին անհրաժշետությունը` առավել անմիջական և ակտիվ ներգրավվածություն ունենալու այդ օրինագծի մշակման հետագա փուլերում, ինչի համար ՄԻՊ-ի գրասենյակին պահանջ ներկայացվեց` երաշխավորելու նրանց գործունեության թափանցիկությունն ու հանրայնացումը, ինչպես նաև ՀԿ-ներին կոչ արվեց համախմբել ջանքերը առավել համընդգրկուն հակախտրական օրենսդրության նախագիծ ունենալու և դրա ադվոկացիան իրականացնելու համար