AM
16 Նոյեմբեր 2012 - 12:45 AMT

Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատի համար «Ժառանգություն»-ը ՀՀԿ-ի հետ բանակցություններ չի վարում

«Ժառանգություն» կուսակցությունը թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատի համար ՀՀԿ-ի հետ բանակցություններ չի վարում: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս մասին մամուլում տեղ գտած լուրերը: «Նման բանակցություն չկա: Եթե ուշադիր հետևեք քարոզարշավի ընթացքին՝ կտեսնեք, որ ամբողջ վարչական ռեսուրսն ի սպաս է դրված հենց ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Ես դա մեկնաբանում եմ որպես տեղեկատվության միտումնավոր աղավաղում կամ սխալ մեկնաբանում»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք՝ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե «Ժառանգություն»-ը հույսը չի կորցնում, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը պատգամավոր կընտրվի։ «Ժառանգությունը» փորձում է այս հարցով բանակցել, պայմանավորվել ՀՀԿ-ի հետ։