Արդեն յոթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։ Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ և պարտապանի միջոցները։ «Սակայն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել բանվորական ուժ և տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։
ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության արդյունքում Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով:





