Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամներին: Վարչապետը պատասխանել է վերջիններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվել են Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներին, Ռուսաստանի, հարևան երկրների և Եվրամիության հետ հարաբերություններին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերին և այլն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Անդրադառնալով հարևան պետությունների հետ հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգության հաստատմամբ: «Մենք հարգում ենք Վրաստանի ժողովրդի որոշումը և պատրաստ ենք լավագույնս համագործակցել Վրաստանի նոր իշխանությունների հետ: Մենք շահագրգռված ենք Վրաստանի բարգավաճմամբ, քանի որ դա բխում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Իրանի հետ հարաբերությունները, ինչին ևս մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով Ադրբեջանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կողմ է վերջինիս հետ ուղիղ երկխոսությանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և ՌԴ-ի նախաձեռնությամբ վերջին տարիներին կազմակերպվում էին երկկողմ հանդիպումներ, որոնք շատ օգտակար էին: Նման հանդիպումների արդյունքում ձևավորվում է նաև փոխվստահություն, կողմերը միմյանց համար ավելի կանխատեսելի են դառնում, ինչը թույլ է տալիս լուծել բազմաթիվ հարցեր: Վերջին շրջանում ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն առաջ չեն շարժվում՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ինչը բոլորն են տեսնում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն առանց նախապայմանների է գնացել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաձեռնությանը, ինչը ողջունել են և սատարել ԵՄ-ն, ԱՄՆ-ը ու ՌԴ-ն: «Արձանագրությունները ստորագրվեցին, սակայն Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնել՝ առաջ քաշելով նախապայմաններ: Հնարավոր է՝ Թուրքիան չէր սպասում, որ Հայաստանը կարող է գնալ նման քայլի: Դա նրանց համար անսպասելի էր: Կարծում եմ՝ Հայաստանի այս նախաձեռնությունը նպաստեց, որ մեր երկրի՝ հուսալի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրանա: Տեղի ունեցածին միջազգային հանրությունն արդեն տվել է իր գնահատականը, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- փաստել է գործադիրի ղեկավարը:
Պատասխանելով Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը գնում է քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհով, այդ ուղղությամբ վերջին տարիներին լուրջ քայլեր են կատարվել: «Այդ մասին է հայտարարել նաև ընդդիմությունը: Բոլոր որոշումներն ընդունելուց առաջ նախ քննարկում ենք հասարակական կազմակերպությունների հետ: Կառավարության բոլոր քայլերը բաց են և թափանցիկ, ցանակացած մարդ կարող է օն-լայն ռեժիմով հետևել գործադիրի բոլոր քայլերին, այդ թվում բյուջետային ծախսերին: Բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են ՀՀ նախագահի գլխավորությամբ, տվել են իրենց դրական պտուղները»,- ասել է վարչապետը:





