ՀՀ Ազգային ժողովում այսօր կազմակերպվել են «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթությունն ապահովելու համատեքստում» խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կրթության ոլորտի, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԳՆ-ից:
Լսումների ընթացքում քննարկվել են «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Օրինագծի փաթեթը մինչև երկրորդ ընթերցում անցնելու է բուռն քննարկումների շրջան, սակայն մեր մոտեցումներն այս խնդրում շատ պարզ են` վերոնշյալ օրինագծում ներառված է ոչ միայն կրթական համակարգի, այլև մարդկային արժեքների ողջ համակազմը»:
Նախարարի խոսքով ներառական կրթության տեսանկյունից Հայաստանն առաջատար է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ մի շարք արևելաեվրոպական երկրների համեմատությամբ:
«Սա մեր գործընկեր միջազգային կազմակերպություններիի գնահատականն է, որ իրականում Հայաստանում կատարվել է հսկայական աշխատանք: Ավելին, համոզված եմ, որ ներառականության սկզբունքը պետք է տարածվի նաև կրթական համակարգի այլ հատվածների, մասնավորապես, մասնագիտական կրթության վրա: Նաև բուհերում որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդների համար անհրաժեշտ ինտեգրված միջավայրի ստեղծման նպատակով արդեն հաջորդ տարի մասնաշենքային միջին ծանրաբեռնվածությամբ երկու բուհերում կսկսենք նման միջավայրի ստեղծման աշխատանքները, որոնց օրինակով և համապատասխան ժամանակացույցով էլ բոլոր բուհերին կխնդրենք իրենց արտաբյուջեի հաշվին հետևել այդ օրինակին:





