AM
17 Նոյեմբեր 2012 - 06:20 AMT

«Ժողովուրդ». Զինծառայող Արթուր Քոչարյանը տեղափոխվել է Մոսկվայի կլինիկա

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ զորակոչիկ Արթուր Քոչարյանը, ով սեպտեմբերին հիվանդացել էր դեղնախտով, այնուհետև` ջրծաղիկով, տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոց: «Երեկ` առավոտյան, արդեն վիրահատությունն են սկսել, կոկորդից ծակել են, քանի որ այստեղ անտիբիոտիկներ են տվել, որից էրեխու բոլոր օրգանները սնկի մեջ կորած են: Արթուրն անգիտակից վիճակում պառկած է, պետք է քիչ լավանա, որ մնացածի մասին մտածեն»,-թերթին հայտնել է զինվորի ազգականը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Չենք լռելու» նախաձեռնությունը հայտնել էր, որ Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով:

Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67.000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով:

Այնուհետև ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ նշված էր, որ Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը: