Անկարայում տեղի ունեցող հակաամերիկյան ցույցերը ձևական բնույթ են կրում և ղեկավարվում են «վերևից»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը: Նա կարծում է, որ թուրքերի շրջանում իսլամական գաղափարներն այդքան ուժեղ չեն արմատավորված, որքան ազգային գաղափարները: Շահնազարյանը կարծում է, որ Թուրքիան հանդես է գալիս որպես արաբական աշխարհի բարեկամ, քանի որ նա ուզում է Մերձավոր Արևելքում առաջատար դիրքեր գրավել: Թուրքիան նաև հասկանում է, որ եթե կարողացավ ձեռքբերել ինքնուրույնություն, կարող է Արևելքի ներկայացուցիչը դառնալ Արևմուտքում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև բաժանեց Թուրքիայի քաղաքականությունը երկու մասի՝ իրական կամ ռազմաքաղաքական և քարոզչական:
Նույն ասուլիսի ընթացքում թուրքագետ Գայանե Չոբանյանն ասաց, որ չնայած այն ցույցերը վերևից են ղեկավարվում, ցուցարարների մեծ մասը մոլեռանդ մահմեդականներ են և մոլեռանդ գաղափարախոսության զոհեր: Ըստ Չոբանյանի, այդ մարդկանց ավելի հեշտ է կառավարել և ուղղորդել Եվրոպայի դեմ:
Նա նաև գտնում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակում կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար և դուրս չի գա նրա դեմ:





