AM
20 Նոյեմբեր 2012 - 05:36 AMT

«Ժողովուրդ». Վարդան Սեդրակյանը առաջ է ընկել քարոզարշավի մեկնարկից

Հունիսի 11-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում և ոչ միայն հայտարարել է, այլև գործնական քայլեր է իրականացնում նախագահի աթոռին հասնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:

«Այդ ճանապարհին այնքան է շտապում, որ արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը։ Այս օրերին հանրապետության տարբեր քաղաքների, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի պատերին հայտնվել են Սեդրակյանի քարոզչական պաստառները՝ «Վերևում Աստված կա» կարգախոսով։

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Վարդան Սեդրակյանն այս օրերին նաև տեսասկավառակներ է բաժանում՝ դրանց միջոցով իրականացնելով իր քարոզչությունը։ Երեկ փորձեցինք էպոսագետից պարզել, թե ինչու է խախտում ՀՀ ընտրական օրենսգիրքը և դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ զբաղվում սեփական PR–ով։ «Ամբողջ Հայաստանը գիտի, որ այդ գործը արվում է Գյումրիում, Վանաձորում, Գեղարքունիքի մարզում ու Երևանում։ Այո՛, տարածվում են ձայնասկավառակներ իմ տված հարցազրույցների մասին, և դա գովազդ է, այլ ոչ թե քարոզարշավ,-նշեց էպոսագետը՝ զայրացած շարունակելով,-եթե օրենքը խախտել եմ և քարոզարշավ եմ իրականացնում, դրա համար կա դատախազություն, կա ոստիկանություն, հանրապետականները չեն նկատում, դո՞ւք եք նկատում»։ Իսկապես հետաքրքիր է՝ հատկապես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչու է լռում»,– գրում է թերթը։