Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 նորար գաղափարների և նախագծերի մրցույթի հաղթող BigBrain ՍՊԸ-ն մեղադրում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնին նախագծի գողության մեջ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց BigBrain-ի տնօրեն Լևոն Մանուկյանը, Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011 նորար գաղափարների և նախագծերի մրցույթ- փառատոնին «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ»-ը հաղթել է «Մայքրոսոֆթ հենքով ստեղծված լավագույն նախագիծ» անվանակարգում:
Լևոնի խոսքով` մրցույթից հետո նրանք բազմիցս հանդիպել են Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել համագործակցության հնարավորությունը: Մայքրոսոֆթ ընկերությունը տրամադրել է համապատասխան ֆինանսավորում, ամեն ինչ արվել է ըստ նախագծի: Հանդիպումների ընթացքում ավելի մանրամասն ներկայացվել է հարթակը ու առաջարկվել է այն անվճար տեղադրել Հյուսիսային պողոտայում: «Մենք գումար չէինք պահանջում: Քաղաքապետարանից խնդրում էինք միայն տարածք հատկացնել, սակայն, չնայած նախնական պայմանավորվածությանը, ոչ մի արձագանք չստացանք: Նրանք ձևացրին, որ դա նրանց այդքան էլ չի հետաքրքրում»,-ասաց Լևոնը: «Իսկ օրեր առաջ մեզ համար անակնկալ կերպով Ինտերակտիվ հարթակը տեսանք Հյուսիսային պողոտայում, որը իրականացրել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն»,-հավելեց նա:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախագծի հետ կապված մանրամասների չի տիրապետում և խնդրեց ուղարկել գրավոր հարցում, որը կփոխանցի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնին:





