Բնակչության բնական հավելաճը, այսինքն` մահացության և ծնելիության թվի համամասնությունը, ինչպես նախորդ 20 տարում, այնպես էլ այս տարի բացասական չի եղել: Ծնելիության խնդիր ունենք, միայն 2 երկիր` Շվեդիան և Ֆրանսիան են կարողացել այդ խնդիրը լուծել հսկայական ներդրումներով, իսկ քանի որ մենք ծերացող ազգ ենք, ներդրումները հիմնականում ուղղված են սոցիալական ոլորտին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով մեկ երեխայի մոդելով ընտանիքի վտանգ դեռ չկա, բայց 3-րդ երեխան ունեցող ընտանիքներն էլ ընդամենը 15 տոկոս են կազմում:
Անդրադառնալով միգրացիային՝ ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանն ասաց.«Վերջերս Մոսկվայում իմ աչքի առաջ հարցումներ էին անցկացնում, 100 երիտասարդից 75-ն ասացին, որ ուզում են արտագաղթել, և միայն 5-6-ն են առարկայորեն պատկերացնում, թե ուր, ինչու, ինչպես»:
Ասուլիսին մասնակցող սոցիոլոգ Կարեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանում էլ հենց նույն վիճակն է, բայց եթե այդ 75-ը մի փոքր հնարավորություն ունենան` կգնան, նույնիսկ առանց պատկերացնելու:





