Հայ ազգային կոնգրեսը վաղը ժամը 14:00-ին ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազգային ժողով: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ի հրավիրած ասուլիսին լրագրողների ակտիվությունը, թերևս, պայմանավորված է նրանով, որ բոլորը եկել են լսելու, թե ով է ՀԱԿ-ի թեկնածուն, սակայն ստիպված է հիասթափեցնել բոլորին և ասել, որ խոսելու է բառցառապես վաղը, իր խոսքով, կայանալիք կամ չկայանալիք արտահերթ նիստի մասին:
«ՀԱԿ-ը արձագանքում է այն բոլոր ՀԿ-ների կոչին, ովքեր ցանկանում են փոփոխություններ տեսնել Հայասատանի ընտրական օրենսգրքում: Մենք այս պահին ունենք կառավարության և ԱԺ աշխատակազմի եզրակացությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու դրույթների վերաբերյալ: Ըստ այդ եզրակացությունների, մեր առաջարկած որոշ դրույթներ հակասահմանադրական են համարվել: Ես ուզում եմ հայտարարել, որ եթե իսկապես միայն այդ դրույթների հակասահմանադրականությունն է խնդիրը, ապա ՀԱԿ-ը հենց վաղը պատրաստ է քննարկել դրանք իշխող կուսակցության հետ և գալ փոխհամաձայնության»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Ըստ ՀԱԿ համակարգողի` հակասահմանադրականության մասին խոսելը, սակայն, այստեղ տեղին չէ, քանի որ միակ ուժը որն այս պահին ոտնահարում է սահմանադրությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունն է.«Վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը օգտագործում է սահմանադրությամբ իրեն տրված հնարավորությունը և արտահերթ նիստ է հրավիրում, իսկ ՀՀԿ-ն խոսում է այն տապալելու մասին: Մինչդեռ սահմանադրության 70-րդ հոդվածն ասում է, որ ըննդդիմությունը ունի արտահերթ նիստում հարցեր բարձրացնելու իրավունք, եթե անգամ խորհրդարանական մեծամասնությունը այդ նախաձեռնությունը չի ողջունում»,-ասաց Զուրաբյանը:
Հարցին, թե ինչի համար էր նման նախաձեռնությունը , եթե ի սկզբանե պարզ է, որ ՀՀԿ-ն կարող է քվորում չապահովել և տապալել նիստը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.«Մեր նպատակն է պարտադրել իշխանություններին այն, ինչ պահանջում է ժողովուրդը»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բանակցել է չորս խմբակցությունների հետ և որոշել արտահերթ նիստ հրավիրել: Դրա համար անհրաժեշտ էր հավաքել 44 պատգամավորի ստորագրություն: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկի տակ ստորագրել են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ազատ դեմոկրատների» երկու պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցությունը։ Նիստը տեղի կունենան նոյեմբերի 21-ին:





