AM
20 Նոյեմբեր 2012 - 11:16 AMT

Տաթևիկ Բեժանյան. Հայաստանում 2008-ից մինչ այսօր երեխաների հանդեպ թրաֆիքինգի 8 դեպք է բացահայտվել

Հայաստանում սկսած 2008-ից, երեխաների հանդեպ թրաֆիքինգի 8 դեպք է բացահայտվել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մարդը կարիքի մեջ» (People in need) հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: «Առաջին դեպքը բացահայտվեց 2008 թվականին, և մինչև 2012թ. բացահայտված 8 դեպքի արդյունքում 11 զոհ կա: Ընդ որում 8 դեպքերից չորսով դատավճիռներն արդեն կայացվել են, երեքի գործն ընթացքի մեջ է, իսկ մեկը՝ նախաքննական փուլում, որը սեռական շահագործման դեպք է»,- նշեց նա :

Բեժանյանը տեղեկացրեց, որ թրաֆիքինգի ենթարկված երեխաները 12-17 տարեկան են : «Վեցը աղջիկ են, որոնցից չորսը ենթարկվել են սեռական, մեկը՝ աշխատանքային և մեկը մուրացկանության թրաֆիքինգի: Եվս երկու զոհը տղաներ են, որոնք մուրացկանության թրաֆիքինգի են ենթարկվել: Բոլոր զոհերը եղել են սոցիալապես անապահով ընտանիքներից և հատուկ կրթօջախների սաներ են , ինչպես նաև ծանոթ են եղել շահագործողի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ աշխատել են բացահայտված զոհերի հետ, իսկ տվյալները գաղտնի են պահվում, որպեսզի պաշտպանեն զոհին :