AM
20 Նոյեմբեր 2012 - 11:30 AMT

Մարիամ Մեհրաբյան. Թրաֆիքինգի բացահայտված դեպքերն ավելի քիչ են, քան իրականում կան

Հասարակությունը դեռևս մեղադրողական դիրքերից է դիտարկում թրաֆիքինգի զոհերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունն ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: «Դա է նաև այն պատճառներից մեկը, որ թրաֆիքինգի բացահայտված դեպքերն ավելի քիչ են, քան իրականում կան: Թրաֆիքինգի զոհ կարող են դառնալ մարդիկ, ովքեր ի սկզբանե դժվար իրավիճակում օտարին դիմելու հակվածություն, ցածր ինքնագնահատական ունեն, ընդունակ չեն քննադատության: Հատկապես անչափահասները հասնում են մի կետի, երբ հասարակության մեջ հոգեբանորեն չեն կարողանում գտնել իրենց տեղը»,- նշեց նա:

Մեհրաբյանի խոսքով` թրաֆիքինգի զոհ են դառնում նաև այն մարդիկ, ովքեր ունեն մտավոր ունակությունների խնդիրներ, ուսումնական գործընթացի մեջ ներգրավված չեն, ինչպես նաև 3-4 տարեկանից ներգրավված չեն լինում հասակակակիցների միջավայրում: «Ընդ որում թրաֆիքյորներն իրենք էլ վաղ տարիքում նման խնդիրներ ունեցող մարդիկ են: Ուստի եթե թրաֆիքինգի զոհերին ճիշտ ռեսոցիալիզացիայի չենթարկենք, հենց նրանք կարող են դառնալ թրաֆիքյոր»,- նշեց նա` հավելելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի լավագույն միջոցը իրազեկումն է:

Այդ առնչությամբ «Մարդը կարիքի մեջ» (Peope in need) հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը 2009-ից իրականացնում է «Կանխարգելել թրաֆիքինգը` բարձրացնելով տեղեկացվածությունը» ծրագիրը: