AM
20 Նոյեմբեր 2012 - 11:35 AMT

Չեխիայի փոխարտգործնախարար. Չեխիան Հայաստանը համարում է իր կարևոր տնտեսական գործընկերը

Հայ-չեխական առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով ՀՀ-ում Չեխիայի փոխարտգործնախարար Տոմաշ Դուբի այցի ընթացքում Զարգացման հայկական գործակալությունը Հայաստան- Չեխիա գործարար համաժողով է կազմակերպել:

«Այս համաժողովի արդյունքում հայ-չեխական առևտրատնտեսական հարաբերությունները կընդլայնվեն, դրա համար նախադրյալներ կան, իսկ եթե այսպիսի գործարար հանդիպումները պարբերական դառնան, արդյունքներն ավելի նկատելի կլինեն», – ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

«Չեխիան և Հայաստանը հարաբերություննե ավանդույթներ ունեն բազմաթիվ ոլորտներում: Այս տարի Երևանում բացված Չեխիայի դեսպանատունը և ինձ հետ պատվիրակության կազմում եկած չեխ գործարարները, ոլորտի պատասխանատուները կնպաստեն տնտեսության ոլորտում հետագա զարգացումներին: Չեխիան Հայաստանին համարում է իր կարևոր տնտեսական գործընկերը: Մեզ համար հավասարաչափ կարևոր են թե Հայաստանից ներկրումները, թե դեպի Հայաստան արտահանումը», – ասաց Չեխիայի հանրապետության ԱԳՆ ղեկավարի տեղակալ Տոմաշ Դուբը:

Նրա խոսքով համագործակցությունը հեռանկարային է հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության, սննդի վերամշակման արդյունաբերության, սպառողական ապրանքների և ՏՏ ոլոտներում:

2011 թվականին Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 26 մլն ԱՄՆ դոլար: Նույն թվականին Հայաստանից արտահանումը կազմել է 1.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 24 մլն ԱՄՆ դոլար: Արտահանվել է հիմնականում ալյումին և սև մետաղներ: Ներմուծվել են միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ, ձայնագրող ապարատներ, տրանսպորտային միջոցներ: Հայաստանում չեխական կապիտալով 20 ընկերություն է գործում: