Խմելու ջրի որակի խնդրով Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցի բնակիչներից մեկը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ փողոցի բնակիչները ջրի վատ որակի պատճառով ստիպված են ջուր գնել, քանի որ ջրից թունավորումներն ու աղիքային վարակները շատացել են: Բացի այդ՝ «Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կողմից չի ապահովվում խմելու ջրի պատշաճ մատակարարումը, մշտապես լինում են խափանումներ, վթարներ, նշել էր քաղաքացին իր դիմումի մեջ: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:
Ջրի բաղադրությունը ստուգելու խնդրով Առողջապահության նախարարություն ուղարկված հարցմանն ի պատասխան, նախարությունից հայտնել են, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվել: Ստուգման ընթացքում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնք վերացնելու նպատակով կիրառվել են համապատասխան վարչական միջոցներ:
Իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնել են, որ ջրի գրաֆիկի հաճախակի խափանումները կապված են եղել փոքր հզորության ՀԷԿ կառուցելու նպատակով հողային աշխատանքներ իրականացնելու հետ: Նաև հայտնել են, որ ներկայումս վերականգնվել է ջրամատակարարման համակարգը և կարգավորվել է քաղաքի ջրամատակարարումը՝ համաձայն սահմանված գրաֆիկի:





