AM
21 Նոյեմբեր 2012 - 10:04 AMT

Հրանուշ Հակոբյան. Սիրիահայերը սովոր են բարձր վարձատրվող աշխատանքի

«4 ամիս է եկել եմ, եղբորս հետ եմ մնում, ընտանիքիս մյուս անդամները վերադարձել են Սիրիա, քանի որ աշխատանք չկարողացան գտնել», – այսօր աշխատանք փնտրող սիրիահայերի և գործատուների հանդիպման ժամանակ PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմեց Մարի Ռոզ Քեշիշյանը: Նա համապատասխան կրթություն ունի և բանկային համակարգում է աշխատանք փնտրում, այսօրվա առաջարկների մեջ իրեն հարմար մեկը գտել է:

Մարի Ռոզը բողոքեց, որ բարեգործական կազմակերպություններն ինչքան էլ հայտարարում են, թե բոլոր սիրիահայերին են աջակցում, իրենց չեն օգնում, ասում են կարիք չունեք: «Եթե կարիք չունենամ, ինչու պիտի խնդրեմ», – ասաց Մարի Ռոզը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` սիրիահայերը սովոր են բարձր վարձատրվող աշխատանքի, ինքնուրույն գործ ունենալու:

«Մենք ողջունում ենք ձեր ձգտումները, բայց գոնե սկզբնական շրջանում մի տեղ աշխատել պետք է` օրվա հացի փողի համար», – ասաց նախարարը:

Աշխատանք փնտրող սիրիահայերին գործատուների առաջարկներով և տվյալներով ցուցակ բաժանեցին: Ըստ այդ ցուցակի` նրանց առաջարկվում է անվտանգության աշխատակցի, մետաղագործի, փայտամշակողի, մեքենա վերանորոգողի և այլ աշխատանքներ: Նաև ճաշարան, արտադրամաս աշխատեցնելու առաջարկներ կան: