Ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին նամակ էր գրել մի ուսանող, որը փողոցում տեսել էր մուրացկանությամբ զբաղվող կնոջն ու երեխային և շտապել տեղեկացնել պաշտպանին։ Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել էին նշված վայր՝ երեխային և մորը օգնելու նպատակով։
«Նոր սերունդ» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի երեխաների պաշտպանության բաժնի աջակցության շնորհիվ որոշակի սնունդ և հագուստ է տրամադրվել փոքրիկին և մորը։ Հայ օգնության ֆոնդը կապահովի երեխայի խնամքը։ Արտասահմանցի բարերարների՝ մասնավորապես Հայաստանում Բրազիլիայի դեսպանի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցության շնորհիվ այսօր արդեն լուծվել է նրանց տան ջեռուցման խնդիրը, տրամադրվել է անհրաժեշտ հագուստ, սնունդ, կենցաղային իրեր, դեղորայք: Ստացված աջակցության շրջանակներում փոքրիկի համար կազմակերպվելու է նաև հոգեբանի և լոգոպեդի ծառայությունների տրամադրում:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը տեղեկացրեց, որ 5 տարեկան փոքրիկը գրանցված է ՄԻԱՎ կենտրոնում և պարբերաբար ստանում է անհրաժեշտ դեղամիջոցները:
«Փոքրիկը դեղամիջոցներն անվճար ստանում է, մայրը որևէ խնդրից չի բողոքել», – ասաց Նաիրա Կարմիրշալյանը:
Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակից տեղեկացրել էին, որ չեն կարողանում երեխային ապահովել ցերեկային խնամքով և սննդով։ Երեխայի ցերեկային խնամքի ապահովման համար ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները դիմել էին նման խնդիրներով զբաղվող շուրջ 18 կառույցների՝ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների։ Նրանց մի մասը մերժել էին երեխային ընդունել իրենց հաստատություն նրա հիվանդության պատճառով, մյուս մասը մերժումը հիմնավորել էր գերծանրաբեռնվածությամբ, երրորդներն էլ պատճառաբանել էին, որ իրենց հաստատությունում կան նաև այլ երեխաներ, ում առողջության համար փոքրիկը վտանգ կարող է ներկայացնել:





