AM
21 Նոյեմբեր 2012 - 13:58 AMT

Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հրապարակել Լոռիում սպանված փաստաբանի գործի վերաբերյալ

ՀՀ Գլխավոր դատախազաությունը նոր մանրամասներ է հրապարակել փաստաբանների պալատի ներկայացուցիչ Ս.Շարբաթյանի մահվան դեպքի վերաբերյալ:

Նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Ըստ դատաբժիշկների եզրակացության` Ս. Շարբաթյանի մահվան պատճառը գլխուղեղի ֆունկցիայի խանգարումն է եղել:

«Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են իրարամերժ ու որոշ դեպքերում` ոչ հավաստի տեղեկություններ և միաժամանակ կարևորելով ստուգված տեղեկություններ ստանալու հանրության իրավունքը` ներկայացնում ենք որոշ տեղեկություններ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի խոչընդոտի նախաքննության հետագա ընթացքին:

Մասնավորապես`դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության տվյալներով, դատաբժշկական փորձաքննությամբ և ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին և իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը:

Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը և Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի և ընկերոջ`Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի արդեն ռեստորանի բակում: Արդյունքում Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ և,գիտակցության չգալով, մահացել է:

Բացի այդ, փորձաքննության համաձայն, Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ, որոնք մահվան պատճառի հետ կապված չեն: Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունները, թե Ս. Շարբաթյանի նկատմամբ բռնությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ և որ նրա մահվան պատճառը սուր կտրող-ծակող գործիքի կամ հրազենի գործադրումն է, իրականությանը չեն համապատասխանում: Նախաքննությամբ նման տվյալներ ձեռք չեն բերվել: 2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին: Կատարվում են քննչական գործողություններ`դեպքի հանգամանքները լիարժեք պարզաբանելու, Արտակ Վերանյանի ցուցմունքը ստուգելու ուղղությամբ, պարզելու, թե ում է պատկանում օդամղիչ ատրճանակը և ով է այն օգտագործել վիճաբանության ժամանակ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ`Արեն Վերանյանին և Ս. Դիլոյանին հայտնաբերելու և ոստիկանություն բերման ենթարկելու ուղղությամբ»,-ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: