AM
21 Նոյեմբեր 2012 - 15:56 AMT

Արմավիրում Հայկական ակնաբուժության նախագծին Orange Հիմնադրամը 7,299,730 դրամ է հատկացրել

Արմավիրի մարզով ավարտվում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2012 թ. ծրագիրը, որի նպատակն էր ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Orange Հիմնադրամից:

Արմավիրի մարզում ակնային ստուգումներ է անցել 7,000 բնակիչ, որից 1,200-ը` երեխաներ: Շուրջ 2,000 մարդու համար դուրս է գրվել ակնոցներ: Մարզի ինը դպրոցում 505 երեխայի համար կազմակերպվել են աչքի խնամքի հանրակրթական դասընթացներ:

Արմավիրի մարզում իրականացվող աշխատանքների վերջում (2012 թ. դեկտեմբերի սկիզբ) վիրահատությունների և լազերային բուժումների քանակը կհասնի մոտ 300-ի: Արմավիրի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7,299,730 դրամ: ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցն աշխատել է Մյասնիկյանում, Արմավիրում և այս պահին հիվանդներին է ընդունում Վաղարշապատում:

Այսօր Վաղարշապատ է այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Արմավիրը վեցերորդ մարզն է, ուր մենք այցելում ենք Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին: Միասին մենք կարողացանք օգնել շատ մարդկանց. վերադարձնել աչքի լույսը: Որպես պատասխանատու ընկերություն, որը ներառված է երկրի տնտեսական, ինչպես նաև հասարակական և մշակութային կյանքում` մենք երջանիկ ենք նշել, որ մեր համագործակցությունը կշարունակվի այլ մարզերում, քանի որ գիտակցում ենք, որ իրական փոփոխություն ենք բերում մարդկանց կյանք»,- ասել է նա: