AM
21 Նոյեմբեր 2012 - 16:06 AMT

Փոխվարչապետը կաջակցի Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրությանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի հետ կապված հարցեր, որը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում:

«Մշակվել է հետաքրքիր փաստաթուղթ, որն արտացոլում է այսօրվա իրականության խնդիրները և առաջարկում է դրանց լուծումները»,- ասել է փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել տեղական և միջազգային փորձագետներից կազմված խումբ, որը կզբաղվի նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակմամբ` փորձելով արտացոլել նշված փաստաթղթի մոտեցումները: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր կառույցի անունից աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:

Փոխվարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրության ծրագրի իրականացման նախաձեռնությանը: Նա ողջունել է գաղափարը`նշելով որ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև աջակցության պատրաստակամություն հայտնեց ծրագրի իրականացման գործում: